Թուրքիայի ոստիկանությունը նախորդ շաբաթվա ընթացքում 1098 մարդ է ձերբակալել 2016-ի ամռանը պետական հեղաշրջմանը մեղսակից լինելու կամ տարբեր ռազմականացված խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ըստ թուրքական իշխանությունների, 831 մարդ սատարում է ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը, որին Անկարայում մեղադրում են հեղաշրջման կազմակերպման և ահաբեկչության մեջ, գրում է Deutsche Welle-ն:
213 ձերբակալված մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) սատարելու համար, ևս 54-ն՝ ահաբեկչական «Իսլամական պետության» կամ «ձախակողմյան ահաբեկչական խմբավորումների» հետ շփումների համար, ասվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ:
Գյուլենի շարժման հետ կապերի համար վերջին տարվա ընթացքում Թուրքիայում մոտ 50.000 մարդ է ձերբակալվել: Զանգվածային ձերբակալություններին զուգահեռ, հազարավոր պետական ծառայողներ, ոստիկաններ, արդարադատության մարմինների աշխատակիցներ ու զինվորականներ են աշխատանքից ազատվել: Ընդհանուր առմամբ 150.000 մարդ է պաշտոնանկ արվել: