
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսներին շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում իրավիճակն այժմ կայուն է, միայն եզակի դեպքեր են գրանցվում:
Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամռան ու աշնան ամիսներին:
Էնտերովիրուսներն առանձնահատուկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային), օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով:
Վարակելիության աստիճանը բարձր է: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է:
Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաներն ու դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսներ չտանելու պատճառով: Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝
- Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:
Մեկնելու դեպքում՝
- լողալ միայն թույլատրված վայրերում,
- հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,
- խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:
Հանգստից վերադարձողներին խորհուրդ է տրվում`
- աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ,
- աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ: