24 հունվարի 2008 - 14:54 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի Յան Պոուլսենը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ է դարձել Յան Պոուլսենը, որի պայմանագիրը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքվել է մինչեւ 2010 թվականի մայիսը: 61-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինեց Յան Պորտերֆիլդին, որի վախճանից հետո ազգային թիմը ժամանակավորապես գլխավորում էր Վարդան Մինասյանը: Միաժամանակ Պոուլսենը նշանակվել է Հայաստանի բոլոր հավաքականների տեխնիկական տնօրենի պաշտոնում: Ընդ որում նա Հայաստանում մարզչական կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում կզբաղվի նաեւ երկրում համապատասխան դասընթացների կազմակերպմամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացած մամլո ասուլիսում նոր մարզիչը հայտարարել է. «Ես երկու խաղ եմ դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ: Ավելի մոտիկից թիմի եւ առանձին ֆուտբոլիստների հետ կծանթանանք մարզումների ժամանակ: Մեր նպատակն է լավ արդյունքների հասնել որակյալ ֆուտբոլի օգնությամբ»:

Թիմի անդամների հետ անձնապես ծանոթանալու առաջին հնարավորությունը Պոուլսենը կունենա փետրվարի սկզբին, երբ հայկական թիմը մասնակցի Կիպրոսում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ դաշտի տերերից բացի ներկայացված կլինեն նաեւ բելառուսներն ու իսլանդացիները: 1992 թվականին Պոուլսենը որպես գլխավոր մարզչի օգնական օգնեց դանիացիներին հաղթել Եվրոպայի առաջնությունում, որից հետո յոթ տարի աշխատեց իր երկրի երիտասարդական հավաքականի հետ: Որոշ ժամանակ Սինգապուրի ազգային հավաքականում աշխատելուց հետո, նա հետագայում Հորդանանի պատանեկան հավաքականի (մինչեւ 20 տարեկան) հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց, հաղորդում է uefa.com-ը: