4 սեպտեմբերի 2017 - 09:32 AMT
Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացին սպանվել է

Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն ապրիլին փախուստի փորձի ժամանակ սպանվել է։

«Նա փորձել է փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչև այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», - Reuters գործակալությանն ասել է խմբավորման հրամանատարներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։

Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով:

Ապրիլին հայտնի էր դարձել, որ Արսեն Ոսկանյանը կարողացել էր զենք խլել հսկիչներից, վիրավորել 5 մարդու ու փախչել գերությունից։

Ազգային ազատագրական բանակի հայտարարության համաձայն` Ա. Ոսկանյանին պատրաստվում էին առաջիկայում ազատ արձակել:

ELN խմբավորումը համարվում է ահաբեկչական։ Խմբավորման անդամները զբաղվում են արտասահմանցիների գերևարմամբ, որոնց ազատման համար գումար են պահանջում։