
ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռնկված հրդեհի տարածքում սեպտեմբերի լույս 5-ի ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել են օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:00-ին, դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Երեկոյան հաղորդված տվյալներով՝ այրված մակերեսը կազմում է 80 հա:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: