5 սեպտեմբերի 2017 - 12:52 AMT
Հայկական արմատներով լորդը՝ «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատել է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը: Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաև ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը:

Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական, մարդու իրավունքների ոլորտը ներկայացնող անհատներ, ինչպես նաև պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաև NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի և Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության և վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ողջունել է լորդին. «Շատ ուրախ ենք, որ Լորդ Դարզին միանում է Ընտրող հանձնաժողովին: Նա ազնիվ և առանձնահատուկ մարդ է, և մեծ ձեռքբերումների է հասել իր ողջ կյանքի ընթացքում բարին գործելով: Ընտրական գործընթացը և «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը մեծապես կշահեն Լորդ Դարզիի փորձառությունից և գիտելիքներից: Նա լավ է հասկանում հանրային քաղաքականության արժեքը և իր ջանքերը ներդրել է հանուն համընդհանուր բարօրության»:

«Շատ ոգևորված եմ և խորապես զգացված: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ մեծ պատասխանատվությանն ու հնարավորությանը, որը կստանձնեմ որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ողջունելու ու գնահատելու խիզախ ու անձնվեր մարդասերների աշխատանքը: Անհամբերությամբ սպասում եմ 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների՝ փոփոխություններ բերող հերոսների ոգեշնչող պատմություններին »,- ասել է Լորդ Դարզին:

Լորդ Դարզիի ընտանիքն անհաղորդ չէ անձնվեր հերոսներին: Նրա ընտանիքը Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում քաղաքից է: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության նահատակներ են. միայն նրա նախատատն ու տատն են կարողացել փրկվել: «Նրանք մի քանի շաբաթ բոբիկ քայլել են Էրզրումից հյուսիսային Իրաք և ի վերջո հասել Իրաքի Մոսուլ քաղաք՝ իմ հոր պապի ընկերոջ օգնությամբ,- պատմել է Լորդ Դարզին «Ավրորայի» 100 LIVES նախագծին, -հետևաբար, «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի կարևորությունն անձամբ եմ զգում: Սա հիանալի հնարավորություն է բարձրաձայնելու մարդկային բարության և մեծահոգության կարևորության մասին»:

Նա նաև նշել է. «Թեև երբեք Հայաստանում չէի եղել, ես մեծացել եմ այն գիտակցությամբ, որ հայ եմ: Մենք գնում էինք հայկական պատարագի: Ես երգել եմ եկեղեցական երգչախմբում: Սովորել եմ հայերեն, խոսել եմ տանը: Ծնողներիս և քրոջս հետ խոսում եմ հայերեն»:

Լորդ Դարզին միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին: