Իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունի ԴՆԹ թեստի արդյունքները ցույց են տվել, որ նա չի եղել գուշակությամբ զբաղվող Պիլար Աբելի հայրը: Սա հիմնական ապացույցը կլինի դատարանում, քանի որ ոչ մի գրավոր կամ այլ տեղեկություն չի հիշատակում նկարչի և 61-ամյա կնոջ միջև արյունակցական կապի առկայությունը:
Հայրության մասին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, գրում է Lenta.ru-ն La Vanguardia-ի վրա հղումով:
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աճյունն արտաշիրիմել են Իսպանական Ֆիգերաս քաղաքում 2017-ի հուլիսին: Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ փորձաքննության համար Դալիի զմռսված մարմնից կվերցնեն 4 ատամ, և երկար ոսկրի ոսկրածուծը:
Դալին հուղարկավորվել է 1989-ին իր հիշատակին նվիրված թանգարանում գտնվող դամբարանում, նրա մարմինը զմռսվել էր:
Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստրը ճանաչել: Կինը դատական գործը բացել էր դեռ 2015-ի մարտին: Նա պնդում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն, 1955-ին սիրային կապի մեջ է եղել Դալիի հետ՝ բնակվելով գյուղում, որտեղ հարևանների երեխաների դայակն էր:Եթե Դալիի հայրությունը հաստատվի, Աբելը կկարողանա կրել Դալի ազգանունն ու կստանա նկարչի աշխատանքները տնօրինելու իրավունքը: