7 սեպտեմբերի 2017 - 15:22 AMT
Ազնավուրը 2018-ի գարնանը համերգներ կտա Մոսկվայում և Պետերբուրգում

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը 2018-ի գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Այդ մասին հայտնել է երգչի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը:

«Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց, ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում»,-ասել է Ազնավուրի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մաեստրոն մշտապես աշխատանքի մեջ է և դադարներ չի սիրում», -ասել է Սարգսյանը:

Հոլիվուդի փառքի ճեմուղում օգոստոսի 24-ին բացվել է Շառլ Ազնավուրի անվանական աստղը։Աշխարհահռչակ շանսոնյեն անձամբ մասնակցել է արարողությանը։ Ազնավուրի աստղը ճեմուղում 2618-րդն է։

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։