4 փետրվարի 2008 - 15:46 AMT
ԵՄ-ն հուսով է, որ Երեւանն ու Բաքուն կարող են գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները
Սառեցված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խանգարում է ինչպես առանձին վերցրած պետությունների զարգացմանը, այնպես էլ նրանց համագործակցությանը տարածաշրջանային մակարդակով: Այդ թվում Եվրահանձնաժողովը սահմանափակվում է համագործակցության բոլոր նախաձեռնություններում: Այդ մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Այդ տեսակետից հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ վարած խաղաղ բանակցությունների շրջանակներում կկարողանան գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: Հանձնաժողովը հրավիրում է Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչը կարող է վստահության հիմք ստեղծել եւ արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը»,-հայտարարել է նա:
Պատասխանելով այն հարցին թե ցուցաբերում է արդյոք Եվրամիությունը բարոյական աջակցություն Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային նախագծին, Բենիտա Ֆերերո-Վալդները նշել է. «Հանձնաժողովը բազմիցս է նշել, որ կցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական օգնություն այն նախագծերին, որոնք ունեն բացառիկ եւ տարածաշրջանային նշանակություն: Սակայն դեռեւս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մեզ այդպիսին չի թվում», հաղորդում է Day.az-ը: