18 սեպտեմբերի 2017 - 14:17 AMT
Սարգսյան. Սփյուռքահայերի ներգրավումը կհարստացնի ու կզարգացնի ՀՀ գործարար մշակույթը

Հայաստանում ստեղծված էներդրումային միջավայր ևանհրաժեշտ պայմաններսփյուռքահայերի ներգրավման համար, ինչը թույլ կտա հարստացնել ու զարգացնել հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը՝ հավելելով, որ կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել:

Նախագահը նշել է, որ անկախության 26 տարիների ընթացքում գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն:

«Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր:

Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով: Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից»,-ասել է նախագահը::

Անդրադառնալով գլոբալ միգրացիոն միտումներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա:

«Համոզված եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է: Պետք է նկատենք, որ անկախության հռչակումից հետո փոխվել է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը և դինամիկան: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ յուրացնում էինք անկախ պետականություն ունենալուց բխող բոլոր հնարավորությունները և բացահայտում գործակցության նոր հորիզոններ: Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր»,-եզրափակել է ելույթը ՀՀ նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև. Նախագահ. ՀՀ-ն մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 մլն բնակիչ