6 փետրվարի 2008 - 17:20 AMT
Ռոբերտ Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն հեռնկարներ ունեն
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների վերընթաց զարգացումը, Նախագահն ասել է, որ դրանք ունեն փայլուն հեռանկար: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, տնտեսական կապերը դարձել են երկկողմ համագործակցության լոկոմոտիվն, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերում, իրականացվել են հզոր ծրագրեր եւ ակնկալվում է, որ այդ ներգրավվածությունն ավելի կընդլայնվի: Երկրի ղեկավարը հատկապես շեշտել է ենթակառուցվածքային ոլորտներում դինամիկ զարգացող գործակցությունը: Կողմերը նշել են, որ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարին մոտեցող ապրանքաշրջանառությունն, արդեն իսկ արձանագրված արդյունքները լավ նախադրյալներ են ստեղծել առավել մեծածավալ եւ խոստումնալից ծրագրերի համար: Նրանք տնտեսական հաջողությունները պայմանավորել են նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով: Զրուցակիցները երկկողմ հարաբերություններում կարեւորել են նաեւ հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում ակտիվ փոխգործակցությունը` ընդգծելով դրան ավելի համակարգված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: