6 փետրվարի 2008 - 18:32 AMT
Վիկտոր Զուբկով. Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կարելի է հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի կառավարության նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ գոհունակությամբ է հիշում անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայում կայացած իրենց հանդիպումը: Նա վստահություն է հայտնել, որ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը եւս նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման ու խորացման համար:
Վիկտոր Զուբկովը Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահի ողջույնները եւ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար:
Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որի ընթացքում, երկու կողմերի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, քննարկվել է հայ-ռուսական համագործակցության` տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Գոհունակություն հայտնելով փոխգործակցության եւ հարաբերությունների զարգացման ընթացքից, Սերժ Սարգսյանը եւ Վիկտոր Զուբկովն ընդգծել են, որ դրան նպաստում են նաեւ երկու պետությունների նախագահների միջեւ գոյություն ունեցող գործնական ու բարեկամական ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները նշել են հատկապես տնտեսական ոլորտում ձեռք բերված հաջողությունները` ապրանքաշրջանառության ծավալների, ինչպես նաեւ ռուսական ֆինանսական ներդրումների մակարդակի աճը Հայաստանի տնտեսության մեջ, միաժամանակ ընդգծելով, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս զարգացման մեծ ներուժ ունեն:
Ըստ ՀՀ վարչապետի, երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահանջում է տնտեսական համագործակցության ոլորտում հասնել ավելիին: Այդ համատեքստում կողմերը կարեւորել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Նշվել է, որ ընդամենը օրեր առաջ` հունվարի 21-ին, կայացած միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են հանձնաժողովի վերջին` 9-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները, որոնց համաձայն 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է մոտ 65 տոկոսով` հասնելով շուրջ 700 մլն ԱՄն դոլարի:
ՌԴ կառավարության նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ թիվը կարելի է հասցնել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի օրենսդրական դաշտն ու ներդրումային միջավայրը շատ նպաստավոր են, ինչի շնորհիվ ռուսական բիզնեսը բավականին ակտիվորեն է զարգանում հայկական շուկայում: Նշվել է, որ 2007թ. հունվար-սեպտեմբերին ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն ավելացել են` կազմելով 175,9 մլն ԱՄՆ դոլար, որից 101,6 մլն-ը`ուղղակի ներդրումներ են: Ակտիվացել է նաեւ միջբանկային փոխգործակցությունը` հանրապետությունում հաջողությամբ գործում է «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ն, որը ֆինանսավորում է մի շարք խոշոր ներդրումային նախագծեր, այս տարեսկզբից ծրագրում է իր աշխատանքներն սկսել «ՎՏԲ-Լիզինգ Հայաստան» ընկերությունը, «Գազպրոմբանկ»-ը ձեռք է բերել «Հայէքսիմբանկ»-ի բաժնեթղթերի 80.1 տոկոսը եւ մտադիր է հիմնական գործունեությունն ուղղել «Գազպրոմ» ԲԲԸ-ի նախագծերի ֆինանսավորմանն ու կորպորատիվ խոշոր հաճախորդների վարկավորմանը: Հայաստանում հաջողությամբ են գործում նաեւ «ՌԱՕ ԵԵՍ», «Արմենալ» եւ ռուսական մի շարք այլ խոշոր ընկերություններ:
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում վարչապետ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական եւ գիտական ձեռնարկությունների վերագործարկման գործընթացի արագացումը:
Նկատի ունենալով ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը Սոչիում եւ այնտեղ նախատեսվող շինարարության մեծ ծավալները, Վիկտոր Զուբկովը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ դա կարող է զգալի խթան հանդիսանալ հայկական շինանյութերի արտահանման ծավալների աճի համար:
Հանդիպման ժամանակ երկու երկրների տնտեսական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում կարեւորագույն պայմաններից է համարվել տրանսպորտային պատշաճ հաղորդակցության ապահովումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայկական երկաթուղու համակարգի` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին հավատարմագրման կառավարման հանձնումը թույլ կտա զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսական առկա ներուժն ավելի արդյունավետորեն օգտագործել:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: Ընդգծվել է, որ փոխգործակցությունը լավ է զարգանում էներգետիկայի, այդ թվում` ատոմային էներգետիկայի ոլորտում: Զարգացում է ստացել նաեւ հայ-ռուսական իրավապայմանագրային բազան` ուժի մեջ են մտել մի շարք համաձայնագրեր, որոշ համաձայնագրերի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են միջկառավարական մակարդակով:Շարունակում է զարգանալ համագործակցությունը հումանիտար ոլորտում եւս: Քննարկումների արդյունքում կողմերը հավաստել են փոխշահավետ համագործակցությունն այսուհետ էլ ընդլայնելու եւ խորացնելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք փաստվել է քննարկումների կառուցողական բնույթը, վստահություն է հայտնվել, որ այս հանդիպումը եւս կարեւոր քայլ կհանդիսանա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացման ու խորացման գործում:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը համաձայնագիր են ստորագրել «ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարարության եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային կապի եւ էլեկտրակապի բնագավառում համագործակցության մասին»: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը եւ ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան արձանագրություն են ստորագրել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին» 1992թ. սեպտեմբերի 30-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին»: ՀՀ բնապահպանության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիրը` «Ուրանի հանքերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին» ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը արձանագրություն են ստորագրել «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին Հայաստանի երկաթգծի համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին»: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտագրեր են փոխանակել «ՌԴ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ»: Ստորագրվել է նաեւ համատեղ հայտարարություն` «ՌԴ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ Հայաստանի ատոմակայանի օգտագործման հուսալիության եւ անվտանգության բարձրացման բնագավառում համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի ատոմային էներգետիայի զարգացման մասին»: Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: