8 փետրվարի 2008 - 13:32 AMT
Որքան շատ լինեն այցելությունները Ղարաբաղ, այնքան արագ համաշխարհային հանրությունը կընտելանա, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է
«Մենք գտնում ենք, եւ միշտ ենք եղել այդ կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: Այնտեղ հայեր են բնակվում: Այդ տարածքը եւ այդ չճանաչված հանրապետությունը կայացել է: Այնտեղ բազմիցս են լեգիտիմ ժողովրդավարական ընտրություններ կայացել»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` պատասխանելով Day.az գործակալության այն հարցին թե չեն վնասում արդյոք ռուսական էստրադայի «աստղերի», Ռուսաստանի մտավորականության ներկայացուցիչների այցերը» բանակցային գործընթացին` մինչ ղարաբաղյան հարցի վերջնական եւ արդար լուծումը, որին հավանություն կտան ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը:

«Հակառակը, մենք կարծում ենք, որ որքան հաճախակի Լեռնային Ղարաբաղ այցելեն ռուսական, ամերիկյան, ֆրանսիական էստրադայի աստղեր, քաղաքական գործիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից եւ այլ երկրներից, այնքան արագ համաշխարհային հանրությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը կընտելանան, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է եւ հարկ չկա փոխել ստատուս-կվոն, որը ձեւավորվել է այդ տարածաշրջանում: Մենք հետագայում եւս ուղեւորություններ կկազմակերպենք այդ տարածաշրջան: Առանց մեզ էլ այնտեղ այցելում են բազում դերասաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ մոլորակի բոլոր ծագերից»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: