HBO հեռուստաալիքը մտադիր է 15 մլն դոլար ծախսել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդի նկարահանման վրա:
8-րդ մասի ընդհանուր բյուջեն, որը 6 սերիա կունենա, կազմել է 90 մլն դոլար, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:
Ինչպես գրում է Vanity Fair-ը, վերջին եթերաշրջանի ծախսերը կարող են էլ ավելի աճել: Յուրաքանչյուր սերիայի տևողությունը մոտ 1,5 ժամ կլինի:
Նշվում է, որ առաջին եթերաշրջանի նկարահանման նպատակով ծախսվել է 6 մլն դոլար յուրաքանչյուր սերիայի համար:
HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:
«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: