2 հոկտեմբերի 2017 - 13:20 AMT
Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 20-ի. 100-ից ավելի վիրավոր կա

Ամերիկյան Լաս Վեգասում կրակոցներ են հնչել, անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկում՝ Mandalay Bay-ում: Ըստ շերիֆի, ավելի քան 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել է: Հրաձիգը սպանվել է հատուկ գործողության արդյունքում:

Ավելի վաղ հայտարարվել էր 2 զոհի և 20 վիրավորի մասին:

Դեպքի վայրից սոցցանցերում հայտնված լուսանկարներին երևում են գետնին ընկած արնաշաղախ մարդիկ: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ կրակոցները ինտենսիվ են եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Ոստիկանությունը օպերատիվ շտաբ է բացել և հատուկ գործողություն է իրականցնում:Նա թիրախավորել է քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին:

Կրակոցների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև քաղաքի այլ մասերից, սակայն չեն հաստատվել: Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհները, քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը:

Սա նման առաջին դեպքը չէ ԱՄՆ-ում: 2017-ի մարտին Ցինցինատտիի գիշերային ակումբներից մեկի այցելուն կրակ բացեց մյուսների ուղղությամբ՝ 1 մարդ զոհվեց, 14-ը վիրավորվեց: Իսկ ամենամեծ նման միջադեպն ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016-ի հունիսին Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի Pulse միասեռականների ակումբում, երբ զոհվեց 49 մարդ, վիրավորվեց՝ 63-ը: