5 հոկտեմբերի 2017 - 12:50 AMT
ՌԴ ԱԴԾ ղեկավար. Հայ մասնագետներն օգնել են կասեցնել ՌԴ դեմ կիբերգրոհը

Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը պատմել է հայ մասնագետների աջակցության մասին, որի շնորհիվ հաջողվել է նվազագույնի հասցնել Wannacry վիրուսի գրոհի հետևանքները Ռուսաստանում: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 4-ին Կրասնոդարում մեկնարկած Հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների XVI միջազգային խորհրդակցության ժամանակ ունեցած իր ելույթում:

«Համագործակցելով Հայատանից մեր գործընկերների հետ մեզ հաջողվել է կանխել WannaСry վիրուսի ներթափանցումը մի շարք բանկերի ցանց»,-ասել է Բորտնիկովը, հայտնում է Rusarminfo-ն:

Ըստ ՌԴ ԱԴԾ ղեկավարի, երկու երկրների գործակցությունը նպաստել է վիրուսի հետևանքների ազդեցության չեզոքացմանը նաև ՀԱՊԿ մյուս երկրների բանկային համակարգերում:

WannaСry վիրուսի կիրառմամբ հաքերային գրոհը սկսվել է 2017-ի մայիսի 12-ին: Տուժել է ավելի քան 200.000 օգտատեր 150 երկրից: Ռուսաստանում գրոհն ամենազանգվածայինն էր: Վիրուսի հիմնական թիրախը ՌԴ ֆինանսավարկային կառույցներն էին: