5 հոկտեմբերի 2017 - 14:00 AMT
ՄԱԿ-ը երախտապարտ է Հայաստանից՝ մեծ թվով փախստականներ ընդունելու համար

ՀՀ պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Այդ մասին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով մոտ 22.000 փախստականի, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը։ Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն է հայտնել Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար:

Փախստականների ընդունման և ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։

Փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։

Նախարարի տեղակալը դատապարտել է նաև նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց Հայաստանի և ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջև կայուն համագործակցության մակարդակը և մի շարք ծրագրերի հաջող ընթացքը։ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրի զարգացման հետագա ընթացքը Կայուն զարգացման նպատակների օրակարգին համապատասխանեցնելու հարցում։

Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի՝ Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի հետ, որի հետ քննարկվեցին Հայաստանի կողմից փախստականների ընդունման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր։