12 փետրվարի 2008 - 13:48 AMT
Մահացել է կոնգրեսական Թոմ Լանտոսը, ով էական դեր է խաղացել Հայոց ցեղասպանության դատապարտման գործում
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Թոմ Լանտոսը: Լանտոսը Հոլոքոստը վերապրած միակ կոնգրեսականն էր, Ներկայացուցիչների պալատում գլխավորում էր արտաքին գործոց կոմիտեն: Լանտոսի այրի Անետին եւ ԱՄՆ Ներկայացուցչիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին իր ցավակցություններն է հղել Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Կեն Խաչիկյանը, ով ընդգծել է Թոմաս Լանտոսի էական դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ Հայոց ցեղասպանության դատապարտման գործում: Հենց նրա գլխավորությամբ 2007 թվականի հոկտեմբերին արտաքին գործերի կոմիտեն որոշեց հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն համարել: Հետագայում կոմիտեի հայտարարությունը հանգեցրել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ անկմանը: Կեն Խաչիկյանը հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատն իր ավարտին կհասցնի կոնգրեսականի սկսած գործը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
ANCA-ն հիշեցնում է, որ 2007 թվականի հոկտեմբերի 11-ին` Կոնգրեսի կողմից Հայոց ցեղապանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման հաջորդ օրը, Լանտոսը PBS-ի եթերում հայտարարեց. «Սա այն իրադարձություններից է, որոնք պետք է որոշվեն մեկընդմիշտ: Սպանվել է մեկուկես միլիոն տղամարդ, կին եւ երեխա: Եւ թուրքական կառավարությունը մինչեւ հիմա վախեցնում է ԱՄՆ Կոնգրեսին, որպեսզի չճանաչեն այս փաստը: Ես կարծում եմ` դա շատ կարեւոր է այսօր, երբ շարունակվում են ցեղասպանությունները Դարֆուրում եւ այլ երկրներում: Չի կարելի հանցակից լինել կարեւոր հարցի անտեսման գործում»:
Նշենք, որ երբ գերմանական զորքերը գրավեցին Հունգարիան, ծագումով հրեա Թոմ Լանտոսը ընդամենը 16 տարեկան էր: Նրա հարազատների մեծ մասը զոհվեցին, Լանտոսին հաջողվեց մեկնել Հունգարիայից եւ հաստատվել ԱՄՆ-ում: Վերջին ժաանակներում Թոմ Լանտոսը կերակրափողի քաղցկեղի հիվանդություն ուներ: