Թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը, որն այցելել էր Արցախ թուրքական պատվիրակության կազմում, հայտարարել է, որ իրենք ոչ մի հակաիրավական բան չեն արել և փշալարերի տակով չեն անցել, ԼՂ-ում հայտնվելու համար:
Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով եղել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:
«Անկարան պետք է հստակ հայտարարությամբ պաշտպանի իր քաղաքացիներին: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն որոշել է աչք փակել իրավիճակին: Ցանկալի կլիներ, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն առավել հստակ դիրքորոշում հայտներ այս հարցի վերաբերյալ»,-ասել է թուրք քաղաքական գործիչը «Ակոս» թերթին, գրում է Rusarminfo-ն:
Ուրասը հավելել է նաև, որ ինքն ու պատվիրակության մյուս անդամներն այժմ խուսափում են այլ երկրներ այցելել իրենց դեմ Բաքվի գործողությունների պատճառով:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Արցախ: