10 հոկտեմբերի 2017 - 12:36 AMT
Մոսկվայում հարգել են ԽՍՀՄ ատոմային ոլորտի հիմնադիրներից Ռիչարդ Սողոմոնյանի հիշատակը

Մոսկվայում հարգել են ԽՍՀՄ ատոմային ոլորտի հիմնադիրներից Ռիչարդ Սողոմոնյանի հիշատակը, որը մեծ ավանդ ունի ուրանի հարստացման արդյունաբերության ստեղծման գործում:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի վառելիքային ընկերության երիտասարդական միացյալ խորհրդի անդամները ծաղիկներ են դրել Սողոմոնյանի գերեզմանին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է Rusarminfo-ն:

Ռիչարդ Սողոմոնյանը շատ մեծ ավանդ է ունեցել ուրանի հարստացման գործարանների նախագծման, կառուցման և գործարկման մեջ, որոնք մինչ այժ գործում են:

Ռիչարդ Սողոմոնյանը ծնվել է 1907թ. հոկտեմբերի 9-ին: 1947-ից նա աշխատել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից Առաջին գլխավոր վարչությունում, որը զբաղվում էր խորհրդային ատոմային ծրագրի բոլոր ուղղությունների ինժեներային մշակումների համակարգմամբ: 1949-1953թթ. զբաղեցրել է վերոնշյալ Վարչության արդյունաբերության և տեխնիկական բաժնի պետի պաշտոնը, իսկ 1956-1974թթ.՝ ԽՍՀՄ Միջին մեքենաշինության նախարարության Գլխավոր տեխնիկական վարչության պետի պաշտոնը: Սողոմոնյանը վախճանվել է 1981-ի նոյեմբերի 6-ին: