13 փետրվարի 2008 - 14:35 AMT
Պորտուգալիան դեռեւս պատրաստ չէ իր կարծիքը հայտնել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ
Պորտուգալիան Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի երկրամասի անկախության մասին հռչակագրին ծանոթանալուց հետո: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում անելով Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիս Ամադոի վրա:
«Մենք կսպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ երբ կհռչակվի Կոսովոյի անկախությունը: Այդ առումով անհրաժեշտ է մշակել ԵՄ ընդհանուր դիրքորոշում: Մենք աշխատել ենք Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծման ուղղությամբ Եվրամիությունում Պորտուգալիայի նախագահության ժամանակ, եւ Սլովենիան որպես նախագահ աջակցում է այդ ձգտմանը»,-ասել է Ամադոն:
1999 թվականից ի վեր Կոսովո երկրամասը, որը ձեւականորեն շարունակում է համարվել Սերբիայի տարածքի մի մասը, ՄԱԿ-ի կառավարման ներքո է գտնվում: Պրիշտինան պնդում է անկախության վրա, Բելգրադը պատրաստ է երկրամասին տրամադրել ընդամենը լայն ինքնավարություն: Համաշխարհային քաղաքական գործիչներն ու փորձագետները չեն թաքցնում իրենց մտավախությունները Բալկաններում բռնության նոր բռնկման վերաբերյալ: Ռուսաստանը պնդում է կարգավորման այն տարբերակի վրա, որը ձեռնատու կլինի Բելգրադին եւ Պրիշտինային: