14 փետրվարի 2008 - 16:19 AMT
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չեզոք դիրքորոշում է գրավում նախընտրական պայքարում
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժխտում է «Հայոց աշխարհ» օրաթերթի փետրվարի 13-ի համարի «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ցրիչի դերու՞մ» վերտառությամբ հրապարակման այն պնդումը, որ դեսպանատան վարորդը նախագահական թեկնածուի «քարոզչանյութեր» էր տարածում:

«Չկան հիմքեր նման մեղադրանքի համար: Միացյալ Թագավորության Կառավարությունը մեծապես աջակցում է Հայաստանի Կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն աջակցել է ընտրակաշառքի դեմ ուղղված հասարակական իրազեկման ծրագրի: Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական թերթիկի հազարավոր օրինակներ, որոնք խրախուսում են հայ ընտրողներին մերժելու ընտրակաշառքը` ի աջակցություն փետրվարի 19-ին ազատ եւ արդար մրցակցություն ապահովելու Հայաստանի իշխանությունների ջանքերին:

«Այս թերթիկները բաժանվել են ՀԿ-ների եւ բոլոր նախագահական թեկնածուների նախընտրական շտաբերին, որոնք հետաքրքրություն են հայտնել տարածելու դրանք: Դեսպանատան վարորդն օգնում էր բաժանելու այս թերթիկները»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ: