25 հոկտեմբերի 2017 - 10:28 AMT
ՊԲ հրամանատարը Կասպրշիկին է ներկայացրել «Սպայկ» հրթիռների և ականանետերի կիրառման ապացույցները

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպրշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «Սպայկ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր:

Ընթերցեք նաև. Ադրբեջանն ականանետեր է կիրառել. ՊԲ-ն կորուստներ չունի