18 փետրվարի 2008 - 15:18 AMT
Ռուսաստանը հանդես է գալիս Կոսովոյի հարցի վերաբերյալ անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու օգտին
Փետրվարի 17-ին Կոսովոյի ինքնակառավարման մարմինները հայտարարեցին միակողմանի կարգով երկրամասի անկախության հռչակման մասին: Այդպիսով խախտվեցին Սերբիայի Հանրապետության ինքնիշխանությունը, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձեւը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքները, Կոսովոյի սահմանադրական շրջանակները, Շփման խմբում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը լիովին սատարում է Կոսովոյի իրադարձությունների վերաբերյալ Սերբիայի ղեկավարության արձագանքին, երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու արդար պահանջներին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Կոսովոյի հարցի վերաբերյալ անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու, գործընթացը ըստ ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի քաղաքական կարգավորման գործընթացին վերադառնալու նպատակով վճռական եւ գործուն միջոցներ ձեռնարկելու օգտին:
«Չի կարելի չգիտակցել, որ Կոսովոյի ղեկավարության որոշումները հղի են երկրամասում լարվածության եւ ազգամիջյան բռնության աճով, Բալկաններում նոր հակամարտության բռնկմամբ: Միջազգային հանրությունը պետք է համարժեք կերպով արձագանքի այդ մարտահրավերին: Իսկ նրանք, ով մտածում է անջատողականությանը սատարելու մասին, պետք է հասկանան թե ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է դա ունենալ տասնամյակների ընթացքում ձեւավորված համաշխարհային կարգի եւ միջազգային կայունության համար, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հեղինակության համար եւ ինչ սպառնալիքի կարող են վերածվել նրանց գործողությունները»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: