25 հոկտեմբերի 2017 - 16:45 AMT
Վարչապետ. ԵՏՄ հետ ընդհանուր սահման չունենք, պետք է զարգացնել տրանսպորտային հաղորդակցության

ԵՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզների մշակում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին:

«Մեզ համար ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարահային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը», - նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ 2018-ին Հայաստանում կազմակերպվելու է ԵՏՄ շաբաթ, որի շրջանակում ՀՀ-ն կհյուրընկալի ԵՏՄ երկրների ներկայացուցիչներին։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս և նման միջոցառումները նպաստում են բիզնեսի և պետությունների միջև երկխոսությունների ձևավորմանը։

Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և ԵՏՄ անդամ երկրների վարչապետները՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը։