Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն Իսրայելում, ընդունելով Ռաուլ Վալենբերգի մեդալը, որը շնորհվել է նրան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին փրկելու համար, Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Աշխարհահռչակ շանսոնյեն հարցրել է Իսրայելի նախագահին, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ազատությունը»:
Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ:
«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավուրը:
Ի պատասխան՝ Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015-ին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», - մասնավորապես, ասել է Իսրայելի նախագահը:
Հոկտեմբերի 27-ին կեսօրին Նևէ Շալոմ գյուղում, որը բնակեցված է հրեաներով և արաբներով, Ազնավուրը ձիթենի է տնկելու ի պատիվ հրեաների, քրիստոնյաների ու մահմեդականների կյանքը փրկած հերոսների:
Արարողությանը ոչ մի ներկայացուցիչ հայկական համայնքից հրավիրված չի եղել: Նախագահականում ասացին, որ իրենք դահլիճն են տրամադրել, Վալենբերգի հիմնադրամի ղեկավարությունն էլ Արգենտինայից բազմաթիվ հյուրեր ուներ ու չմեկնաբանեցին, թե ինչու հայեր չկային դահլիճում:
Ընթերցեք նաև.Ազնավուրին Իսրայելում պարգևատրել են հրեաներին փրկելու համար