Ասպիրինի փոքր դոզաների մշտական ընդունումը զգալիորեն նվազեցնում է ստամոքսի և լյարդի, ինչպես նաև մարսողության և մեթաբոլիզմի հետ կապված օրգանների մեծ մասում, քաղցկեղի զարգացումը: Այդ մասին հայտարարել են գիտնականները Բարսելոնայում կայացած UEG-2017 գիտաժողովում:
«Մեր բացահայտումը վկայում է, որ ասպիրինի երկարաժամկետ ընդունումը կարող է նվազեցնել քաղցկեղի միանգամից մի քանի տեսակներով հիվանդանալու հավանականությունը: Հատկապես դա վերաբերում է այն տեսակներին, որոնք առաջանում են մարսողական օրգաններում»,-հայտարարել է Քելվին Ցոյը չինական Հոնկոնգի համալսարանից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վերջին տարիներին գիտնականների հետաքրքրությունն ասպիրինի և սալիցիլաթթվի հիման վրա ստեղծված այլ դեղմիջոցների հանդեպ աճել է, քանի որ դրանք, ինչպես պարզվում է, հակաքաղցկեղային հատկություններ ունեն: Ասպիրինն, ըստ գիտնականների, կարող մի քանի անգամ ուժեղացնել իմունաթերապիայի ազդեցությունը, ինչպես նաև ինքնուրույն պայքարել ուղիղ աղիքի քաղցկեղի, լեյկեմիայի և մի շաքր այլ գոյացությունների դեմ, ինչպես նաև 15-20 տոկոսով նվազեցնում է մահացությունը քիմիաթերապիայից հետո:
Մինչդեռ, կանոնակարգող մարմիններից շատերը, այդ թվում ամերիկյան FDA-ն, խորհուրդ չեն տալիս ասպիրին ընդունել կամ նույնիսկ արգելում են դա անել, քանի որ այն կարող է արյունահոսություն առաջացնել, ինսուլտ և բորբոքել խոցերը:
Ցոյի և նրա թիմակիցների հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600.000 հիվանդ, որոնց մի մասը մշտապես է ասպիրին ընդունել, իսկ մյուսները՝ միայն հիվանդության ժամանակ, կամ ընդհանրապես չեն օգտագործել: Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, ասպիրինը զգալիորեն նվազեցրել է քաղցկեղի ամենատարբեր տեսակներից մահանալու հավանականությունը: Օրինակ, կանոնավոր կերպով ասպիրին ընդունողները 47 տոկոսով քիչ են տառապել լյարդի և կերակրափողի քաղցկեղից, իսկ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի քաղցկեղի հավանականությունը նվազել է 34 և 38 տոկոսով համապատասխանաբար:
Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ ասպիրինի օգնությամբ քաղցկեղի դեմ կարող են պայքարել միայն այն մարդիկ, որոնք սրտի և անոթների հետ կապված խնդիրներ չունեն: Գիտնականների մեկ այլ խմբի հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի ընդունումը դադարեցնելու դեպքում, 37 տոկոսով աճում է սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը: Ուստի պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել, իսկ ասպիրինը հարկավոր է ընդունել միայն բժշկի դեղատոմսով կամ հակացուցումների բացակայության դեպքում: