19 փետրվարի 2008 - 19:13 AMT
Թուրքիան նախկինի պես մտադիր է ռմբակոծել քրդերին
Թուրքիան նախկինի պես մտադիր է ռազմական գործողություն անցկացնել քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում: Այդ մասին հաղորդել է երկրի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, նման գործողության անցկացումը կախված կլինի եղանակային պայմաններից: Վերջին մի քանի ամիսներին թուրքական զինված ուժերը սահմանափակվել են գրոհայինների ենթադրյալ ճամբարների ռմբակոծություններով: Հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները կպայքարեն Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ մինչեւ չհաղթեն: Նրա խոսքերով, պայքարը քրդերի դեմ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի մի մասն է: Էրդողանը նշել է նաեւ, որ Թուրքիան շահագրգռված չէ զավթել Իրաքի հյուսիսային տարածքները քրդերի դեմ պայքարելու համար, եւ ընդգծել է, որ Թուրքիան Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման խոշորագույն կողմնակիցն է, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: