3 նոյեմբերի 2017 - 16:44 AMT
«Sputnik Ղրղզստանը» պատմել է Երևանի ճարտարպետության, սպասարկման ու ոստիկանների մասին

Երևանի փողոցներում ոստիկանները քիչ են, քանի որ խախտումները հիմնականում տեսախցիկներն են արձանագրում և արագաչափերը: Այդ մասին Երևանին նվիրված իր հոդվածում գրել է Sputnik Ղրղզստանի լրագրող Ալիմժան Վալիևը, որը վերջերս Երևան էր այցելել այդ երկրի վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում՝ լուսաբանելու ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը:

Վալիևը ամեն օր ՃՏՊ-ների և ճանապարհների իրավիճակի մասին ռեպորտաժներ է պատրաստում իր լրատվականում:

Պատմելով Երևանի գեղեցիկ ճարտարպետության, կանաչ փողոցների, հյուրասեր մարդկանց և գերազանց սպասարկման մասին՝ Վալիևը անդրադառնում է երթևեկության կանոնների պահպանմանն ու ոստիկանների պահվածքին: «Հայաստանում հրաշալի էր»,-գրում է Վալիևը:

Հատկապես նրան զարմացրել էր ոստիկանի պահվածքը, երբ վերջինս սուլոցով կանգնեցրել էր երիտասարդ զբոսաշրջիկին, որը սխալ վայրում էր անցնում փողոցը: «Կարծում էի, որ ոստիկանը կոպտորեն կպահանջի չխախտել երթևեկության կանոնները, սակայն, ի զարմանս ինձ, նա ժպտաց խախտողին և շատ քաղաքավարի, անգլերեն լեզվով, խնդրեց նրան փողոցն անցնել դրա համար նախատեսված վայրում»,-գրում է Վալիևը:

«Երևանում ավտոմեքենաները հանդիպակաց հոսք դուրս չեն գալիս, հետիոտները թույլ չեն տալիս իրենց փողոցն անցնել չթույլատրված տեղում: Հասարակական տրանսպորտում ոչ մի հրմշտոց չկա: Երևանի փողոցներում քիչ են ոստիկանները, քանի որ խախտումները հիմնականում տեսախցիկներն են արձանագրում և արագաչափերը», գրում է լրագրողը՝ խորհուրդ տալով օրինակ վերցնել Հայաստանից: