19 փետրվարի 2008 - 22:13 AMT
Հայաստանի առաջին նախագահի թիմը հայտարարում է նախագահական ընտրություններին իր հաղթանակի մասին
Նախագահի պաշտոնի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է այսօր Երեւանում, որ «մենք հաղթել ենք մի քանի րոպե առաջ ավարտված նախագահական ընտրություններին»: Ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ` Ալեքսանդր Արզումանյանը ասել է, որ «մենք հաղթել ենք, չնայած ավազակապետական վարչակարգի ջանքերին»: «Դա հասարակության հաղթանակն է, եւ ես ցանկանում են նրան շնորհավորել այդ առիթով»,- հայտարարել է շտաբի ղեկավարը: Նրա խոսքերով, «իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կեղծեն ընտրությունների արդյունքները, սակայն հասարակությունը գիտի իրականությունը»:

Ինչպես երեքշաբթի հայտարարել է «Ալյանս» հասարակական նախաձեռնության նախագահ Գեւորգ Մելիքյանը, Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց անցկացրած exit-poll-ում առաջատար դիրքեր է գրավում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավաքելով 37,7 տոկոս: Նրա խոսքերով, exit poll-ի տվյալներով, որին մասնակցել է 3055 մարդ 100 ընտրատեղամասերից Երեւանում եւ մարզերում, երկրորդ տեղում է վարչապետ Սերժ Սարգսյանը` 35,4 տոկոսով:

Ապա հետեւում են «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` 15,5 տոկոս, Դաշնակցության թեկնածու, խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը` 6,4 տոկոս, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը` 2,9 տոկոս, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` 1,3 տոկոս, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` 1,2 տոկոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը հավաքել են 0,2-ական տոկոս: