
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին կարող է պետական աջակցության տրամադրվել՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Այս դրույթն ամրագրված է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը նոյեմբերի 7-ին քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:
Օրինագիծը ենթադրում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու հնարավորություն ստեղծել` նախատեսվում է փոխհատուցել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է, գրում է Aysor.am-ը:
«Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:
Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:
«Եթե երեխա ունեցած մայրը ժամկետից շուտ որոշում է վերադառնալ աշխատանքի, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Երեխայի խնամքի կազմակերպումը կարող է լինել որպես ֆիզիկակական անձ՝ երեխայի համար աշխատանքի վերցնելով դայակին: Հիմա եթե դայակին վերցնում ենք երեխայի խնամքի համար, մենք ասում ենք՝ դայակի աշխատավարձի հիսուն տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է, կփոխհատուցի պետությունը», - հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Պետությունը կարող է գումարը փոխհատուցել մինչև երեխայի երկու տարին լրանալը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս են վճարվելու դայակներին այդ գումարները, նախարարը պատասխանել է, որ կառավարության որոշմամբ կսահմանվեն դրանց վճարման կարգերը:
Ծնողի և դայակի հարաբերությունները կարգավորվելու են պայմանագրով: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հստակեցրել է, որ նվազագույն աշխատավարձի չափով գումարը՝ 55 հազար դրամ դայակին վճարելու համար տրամադրվում է մորը և վերջինն էլ վճարում է դայակին՝ իր կատարած ծառայությունների դիմաց:
Օրինագիծը մշակելիս կառավարությունը ուսումնասիրել է եվրոպական մի քանի երկրի փորձը, մասնավորապես, Ֆրանսիայի փորձը, որին հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը:
Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը և կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց: