8 նոյեմբերի 2017 - 12:30 AMT
Թուրքիան տեսադիտարկման սարքեր է տեղադրել ՀՀ հետ սահմանին

Թուրքիան տեսադիտարկման սարքեր է տեղադրել Հայաստանի հետ սահմանին:

Տեսախցիկները տեղադրել է Թուրքիայի Կարսի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը՝ սահմանը մշտապես հսկելու նպատակով, գրում է Anadolu-ն:

«Սահմանագծում տեսախցիկների տեղադրման և ամրակայման աշխատանքներն ավարտվել են: Տեսախցիկների փորձարկումները շարունակվում են: 2,800 մլն թուրքական լիր արժողությամբ տեսախցիկների տեղադրման նախագիծը, որն ուղղված է Կարսում սահմանագծի հսկմանը, կկասեցնի որոշակի բացասական երևույթներն ու առավել մեծ անվտանգություն կապահովի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: