20 փետրվարի 2008 - 19:49 AMT
Ռ. Քոչարյան. Հանրապետության Նախագահը չի կարող կիսել հասարակությունը «յուրայինների» եւ «օտարների»
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, 2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ: Շնորհակալություն եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին, բայց առաջին հերթին ձեզ` ընտրողներիդ, ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Դա կարեւոր մի փորձություն էր մեր պետության ամրացող ժողովրդավարության համար:

Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր է, որ ընտրություններին հաջորդող այս շրջանում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Հանրապետության Նախագահը չի կարող կիսել հասարակությունը «յուրայինների» եւ «օտարների»: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ:

Չնայած առկա լուրջ ձեռքբերումներին` Հայաստանի Հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մեր ժողովուրդն ունի դեռեւս լիարժեք չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա աշխարհի ամենամրցունակ եւ արագ զարգացող պետություններից մեկը: Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն եւ հետեւողական աշխատանք»: