Վրաստանը, առաջնորդվելով հոկտեմբերին ընդունած նոր սահմանադրությամբ, փոխել է մոտեցումը քաղաքացիության հարցում: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ըստ Կոբախիձեի, այսուհետ այլ երկրի քաղաքացիություն ստանալը չի նշանակի, որ Վրաստանի քաղաքացիությունն ինքնաբերաբար չեղարկվում է, ինչպես նախկինում էր: Խորհրդարանի նախագահը նշել է, որ այս փոփոխությունը հատկապես կարևոր է այլ երկրներում ապրող Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է Apsny.ge-ն:
Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Վրաստանի մոտ 30.000 քաղաքացի ստացել է այլ երկրի քաղաքացիություն, սակայն չի հայտնել այդ մասին իշխանություններին:
Վրաստանի նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018-ի վերջում՝ հերթական նախագահական ընտրություններից հետո:
Նախկին սահմանադրությամբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զրկվեց վրացական քաղաքացիությունից՝ դառնալով Ուկրաինայի քաղաքացի: