Իտալիայի հավաքականը ոչ ոքի է խաղացել Շվեդիայի հետ և զրկվել 2018-ի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Միլանում և ավարտվել է 0:0 հաշվով: Առաջին խաղում, որը կայացել էր Ստոկհոլմում, հաղթել էին շվեդները 1:0 հաշվով:
Այսպիսով Իտալիան, որն աշխարհի քառակի չեմպիոն է, 1958-ից առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Առաջնությանը կմասնակցի Շվեդիան, գրում է Lenta.ru-ն:
Իտալիայի հավաքականի դարպասապահ Բուֆֆոնն, արտասվելով, հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան: «Ես հեռանում եմ Իտալիայի հավաքականից, թողնելով այն երիտասարդներին՝ Պերինին և Դոննառումեին, նրանք դեռ ասելիք ունեն: Իտալական ֆուտբոլն, անկասկած ասելիք ունի»,-ասել է Բուֆֆոնը խաղից հետո, գրում է championat.com-ը:
Նոյեմբերի 14-ին հայտնի կդառնա ԱԱ-2018-ի վերջին մասնակիցը: Իռլանդիան կխաղա Դանիայի հետ: Առաջին հանդիպումն ավարտվել է 0:0:
Ֆուտբոլի ԱԱ-2018-ի խաղերը կանցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Սարանսկում: Մրցաշարը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: