21 փետրվարի 2008 - 18:04 AMT
Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.«Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պետական պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Խորապես համոզված եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում ակտիվ ու բեղմնավոր Ձեր գործունեությամբ, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից եւ հենվելով ժողովրդի բարձր վստահության քվեի վրա, Դուք կապահովեք Հայաստանի դինամիկ զարգացումն ու բարգավաճումը: Բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը Կազմակերպության կայացման եւ հեղինակության ամրապնդման գործում, թույլ տվեք երախտագիտությունս արտահայտել մշտական աջակցության ու ըմբռնման համար եւ հույս հայտնել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Դուք կշարունակեք համակողմանիորեն համագործակցել` մեր Կազմակերպության առջեւ ծառացած նպատակներին հասնելու, միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ-ի ջանքերի խթանման գործում»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: