16 նոյեմբերի 2017 - 13:37 AMT
Հնդկաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ դյուրացվում է

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել, որով դյուրացվում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Ըստ նախագծի՝ այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, հայտնում է Aysor.am-ը:

«Մինչ այս, Հնդկաստանի քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելով: Այս որոշման պարագայում Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը», - որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ներկայացվող նախագծում նշված է, որ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվն աճել է 168%-ով (2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 479-ով):

Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները: