22 նոյեմբերի 2017 - 17:55 AMT
«Վերջին բնակիչը» Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում լավագույն ֆիլմ է ճանաչվել

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»ֆիլմը Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ինչպես հայտնում է ֆիլմի նկարահանմանը մասնակցած «Ֆիշ այ Արթ» հիմնադրամը, փառատոնի ընթացքում ներկայացվել էր 40 կինոֆիլմ: Փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում են եղել Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և բեյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրյանը:

«Վերջին բնակիչը» նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Նկարահանումները տեղի են ունեցել 2015-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում, Շանհայի, Վենետիկի միջազգային կինոփառատոններում: Ֆիլմը Հելսինկիի Սկանդինավյան կինոփառատոնում երկու մրցանակ է շահել՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգերում: Այն առաջադրվել է նաև «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Առաջիկայում այն կցուցադրվի նաև Պադովայում՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն անցկացվող Dessaran Festival-ի շրջանակում: