Հայաստանը զբոսաշրջային գրավչություն ունեցող լավագույն 20 երկրի շարքում է: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազնակերպության «Համաշխարհային զբոսաշրջային բարոմետր» 2017 թվականի հոկտեմբեր ամսվա վարկանիշի համաձայն՝ գրավիչ ուղղությունների շարքում են նաև Պաղեստինը, Եգիպտոսը, Իսլանդիան, Ճապոնիան, Ֆինլանդիան, Մալթան, Իսրայելը, Կիպրոսը, Չիլին, Ուրուգվայը և այլն:
Վարկանիշի համաձայն՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում 18% աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ: Նյույորքյան ճանապարհորդական Travel + Leisure ամսագիրը գրում է, որ առաջին քրիստոնյա երկիր լինելու փաստը բազմաթիվ զբոսաշրջիկների է բերել Հայաստան, որոնք հետաքրքրված են հատակապես հազարամյա հայկական վանքերով:
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվին: 2016-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 969 010:
Նույն ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջության նպատակով 1.076.052 մարդ է մեկնել, ինչը 19.1 %-ով շատ է 2016-ի 903 541-ից: