29 նոյեմբերի 2017 - 12:35 AMT
Ղազախստանի դեսպանը կոչ է անում ուսումնասիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրերը

Հարկավոր է ուսումնասիրել ղփչաղների լեզուն, որով գրված հայատառ ձեռագրեր կան պահպանված Մատենադարանում: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Տիմուր Ուրազաևը Աստանայում կայացած ճեպազրույցում:

«Հայաստանում եզակի մի թանգարան կա և միաժամանակ գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ պահվում են 10-12.000 ձեռագիր: Կան նաև ղփչաղերեն նմուշներ: Ղազախստանի պաշտոնական պատվիրակությունները, մասնավորապես, պետության նախագահը, Հայաստան այցի ժամանակ ծանոթացել են այդ նմուշներին: Ձեռագրերը հայատառ են, այսինքն ղփչաղերեն ձեռագրերը գրված են հայերեն գրերով»,-ասել է Ուրազաևը, գրում է Kazinform-ը:

Նա նշել է, որ, ըստ հետազոտությունների, Հայաստանի որոշ շրջաններում բավականին տևական ժամանակահատվածում ապրել են ղփչաղների ցեղեր և պահպանված նմուշների ուսումնասիրությունը կարող է համալրել գիտելիքներն այդ շրջանի մասին:

«Կան տարբեր անվանումներ, ասում են՝ հայ ղփչաղներ, կամ ղփչաղցի հայեր: Մենք, առաջին հերթին, խոսում ենք, հավանաբար, ղփչաղների ցեղերի մնացորդների մասին, որոնք մոնղոլ թաթարների ջախջախումից հետո մնացին Հայկական լեռնաշխարհի տարածքում, ինչպես նաև Վոլգայի մերձակա տարածքներում և հարավային Ուրալում; Միաժամանակ, մենք խոսում ենք այն հայերի մասին, որոնք ցեղերի հետ առևտրատնտեսական կապերի բերումով, դարձան այդ լեզուն կրողներ: Ուստի այս հարցով շատ լուրջ է պետք զբաղվել գիտամեթոդաբանական հենքի վրա»,-ասել է Ուրազաևը:

Ղփչաղները (պոլովցիներ, կումաններ, կուներ),միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ են: Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր Դանուբից մինչև Տյան Շան, 11-15-րդ դարերում կոչվում էր Դեշտի-Ղփչաղ (ղփչաղների հարթավայր)։ Ղփչաղները չունեին պետություն, ապրում էին ցեղային միություններով: Ղփչաղների դեմ ռուս ժողովրդի մղած պայքարը արտացոլված է «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսում։

1064-ին, երբ սելջուկները գրավեցին Անին, մեծ թվով հայեր գաղթեցին Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին ղփչաղների ձեռքին։ Հայերը քաղաքական կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղփչաղները չունեին գիր, և ղփչաղերենը յուրացրած հայերը ստիպված էին ղփչաղների լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը. այսպես է առաջացել հայատառ ղփչաղերեն: