30 նոյեմբերի 2017 - 12:55 AMT
Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամները հայտնի են

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամներն արդեն հայտնի են: Ժյուրի կգլխավորի ինքը Թանկյանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Նախաձեռնության մրցանակը 5.000 դոլար է:

Հայտերը կգնահատեն և հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի երգիչ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի գլխավորությամբ։

Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտան։ Երգը պետք է ավարտին հասցնել։

Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։

Ստեղծարար մարտահրավերների շարքը ներկայացնում է Creative Armenia-ն, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով։