30 նոյեմբերի 2017 - 14:35 AMT
ՀԱՊԿ գագաթնաժողովում ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարություն կընդունվի

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ ղեկավարների խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը: Փաստաթուղթը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացվելու է նոյեմբերի 30-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հաստատմանը։

Համատեղ նիստին մասնակցել են Մինսկում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադրաձ է կատարվել Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Համատեղ նիստին անդրադարձ է կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա կատարելագործմանն առնչվող հարցերին։

Հայկական պատվիրակության անունից ելույթ ունենալով համատեղ նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ 2016-ին կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են ՀԱՊԿ կազմակերպության հետագա անելիքները։

Նիստին հավանություն են տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհդրի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։