8 դեկտեմբերի 2017 - 12:08 AMT
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության մասին օրենքը

Խորհրդարանը 73 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն:

Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները:

Նախագծով առաջարկվող նախազգուշացման ինստիտուտն էլ կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: