8 դեկտեմբերի 2017 - 18:07 AMT
Հայերը Մոուրինյոյի Instagram-ի էջում պահանջում են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հիմնականում հայ երկրպագուները մեկնաբանություններով «ռմբակոծել են» «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ինստագրամյան էջը, որտեղ նրանից պահանջել են խաղադաշտ վերադարձնել հայ ֆուտբոլիստին: Այս մասին գրում է Manchester Evening News-ը:

Հայ օգտատերերը մեկնաբանություններում հորդորել են պորտուգալացի մարզչին չմոռանալ «ՄՅՈւ»-ում Մխիթարյանի ունեցած ներդրման մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի բերել 28-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով: