11 դեկտեմբերի 2017 - 18:35 AMT
Լուկաշևիչ. Հնարավոր է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին

Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն հունվարին: Այս մասին Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Ակնկալիքներ կան, որ նախարարները ամենամոտ ժամանակում, հնարավոր է՝ հունվարին կհանդիպեն հերթական անգամ միջնորդների աջակցությամբ»,- ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքով 2017-ը բացառիկ էր տարածաշրջանում վտանգավոր սրացումներից խուսափելու և բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից:

«Մենք ողջունել ենք տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների ինտենսիվ շփումները, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը», -ասել է ռուսաստանցի համանախագահը:

Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։