«Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է ՀԱԷԿ-ի համար նախատեսված 2 տուրբոգեներատորից մեկի տեղափոխումը Մեծամոր: Սանկտ Պետերբուրգում արտադրված սարքավորման տեղափոխումը 2 փուլով է իրականացվել՝ ծովով մինչև Փոթի և այնտեղից ցամաքային ճանապարհով մինչև Հայկական ատոմակայան:
Նոր ագրեգատը պետք է տեղադրվի հնի փոխարեն, որը պատրաստվել էր դեռևս 1970-ականների ավարտին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխանակվեն օժանդակ համակարգերը՝ դա նախագծի վրա աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:
Տուրբոգեներատորը պատրաստվել է ռուսական «Սիլովիե մաշինի» էներգամեքենաշինական ընկերությունում, որը մտնում է տեղադրված սարքավորումների ծավալով աշխարհի առաջատարների առաջին տասնյակի մեջ:
Ըստ 2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, «Սիլովիե մաշինի» ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող բլոկի համար 2 կոմպլեկտային տուրբոգեներատոր պատրաստի, որոնց նվազագույն հզորությունը 236 ՄՎտ է, գրգռման համակարգերի և տեխնոլոգիական հսկողության հետ միասին: Ընդ որում, աշխատանքների ծավալի մեջ է ներառված նաև սարքավորւմների մոնտաժն ու կարգաբերումը:
Երկրորդ գեներատորը ՀԱԷԿ-ը կստանա 2018-ի դեկետմբերին:
Մշակվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: