21 դեկտեմբերի 2017 - 16:06 AMT
ՀՀ ու Ճապոնիան կգործակցեն՝ պահպանելու հնագիտական արժեքները

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ և Ճապոնիայի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի ծրագիրը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գիտահետազոտական կենտրոնի կարևորագույն գործառույթներից են Հայաստանի վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ:

Նկատի ունենալով կուտակված հսկայական հնագիտական արժեքների վերականգնման հրատապությունը, ինպես նաև ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու անհրաժեշտությունը՝ Մշակույթի նախարարությունն առաջարկել է Ճապոնական դրամաշնորհի սահմաններում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան: