Մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում:
«Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում», -ասել է Սերժ Սարգսյանը: