29 փետրվարի 2008 - 19:46 AMT
Ֆրանսիայի հայկական համայնքը անհանգստացած է Հայաստանի հետընտրական իրավիճակով
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) պատվիրակությունը խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչյանի եւ վարչության անդամ Ալեքսանդր Կյուրղինյանի գլխավորությամբ փետրվարի 26-ին հանդիպել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, հանդիպման ընթացքում պատվիրակությունը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի հետընտրական իրադրության առումով: CCAF-ն կոչ է արել կողմերին մեղմել հուզումները եւ հարցը խաղաղ եւ ժողովրդվարական ճանապարհով կարգավորել` հարգելով Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Ֆրանսիացի եւ հայ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան (AFAJA) իր հերթին, ուշադիր ուսումնասիրելով իրադրությունը Հայաստանում, իր անհանգստությունն է հայտնել կալանքների, մասնավորապես, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանի, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի, «Նոր ժամանակներ» կուսացկության առաջնորդ Արամ Կարապետյանի եւ Հայաստանի Դեմոկրատական կուսացկության առաջնորդ Պետրոս Մակեյանի կալանքների առումով: AFAJA-ն ակնկալում է, որ հանրապետության դատական իշխանությունները կդիտարկեն այդ քրեական գործերը, հաշվի առնելով բոլոր պարտավորությունները, որոնք Հայաստանը վերցրել է իր վրա, միանալով Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային: