Երեւանում անկարգությունների բոլոր կազմակերպիչները, հրահրիչներն ու իրականացնողները պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւ
Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկման հիմնական թեման եղել է նախորդ օրն ընդդիմության կողմից հրահրված անկարգություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Հանրապետության նախագահը ներկայացրել է տեղի ունեցածը եւ նշել, որ այն, ինչ վերջին երկու օրերին կատարվում էր Երեւան քաղաքում, դժվար է քաղաքականություն կամ քաղաքական գործընթաց համարելը: Ընդգծելով երկրում կարգ ու կանոն հաստատելու գործում իշխանությունների վճռականությունը, նա ասել է. «իրավական հարցերը պետք է լուծվեն իրավական հարթության վրա եւ անկարգությունների բոլոր կազմակերպիչները, հրահրիչներն ու իրականացնողները պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւ»:
Անդրադառնալով Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությանը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն, առաջին հերթին, ուղղված է ժողովրդի անվտանգության ապահովմանը: «Փորձ է արվել մարդկանց հնարավորինս նվազագույն անհարմարություններ պատճառել եւ չոտնահարել նրանց հիմնարար իրավունքները»,-նշել է նա:
Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կհանգուցալուծվի եւ իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը: